Այսօր առավել տարածված է դարձել IoT (Internet of Things) տերմինը, սակայն ի՞նչ է IoT-ը, և ինչպե՞ս է այն աշխատում։ Այս հոդվածում կներկայացնենք իրերի համացանցի (IoT) էությունը և կիրառությունը։
Ի՞նչ է իրերի համացանցը՝ IoT-ը
Իրերի համացանցը կամ IoT-ը համացանցին միացված ֆիզիկական իրերի շարք է, որը հնարավորություն ունի ցանցի միջոցով տվյալներ ստանալ և փոխանցել։ Իրերի համացանցի օրինակ են խելացի տները, որոնք կարող են ինքնուրույն փոփոխել լուսավորությունը կամ ջեռուցման մակարդակը։ Պարզ ասած, IoT-ը վերաբերում է բոլոր օբյեկտներին և սարքերին, որոնք միացված են ինտերնետին` օրինակ խելացի ժամացույցներ, սառնարաններ, անվտանգության համակարգեր և այլն:
Ինչպե՞ս է աշխատում իրերի համացանցը
IoT համակարգը աշխատում է իրական ժամանակում տվյալների հավաքագրմամբ և փոխանցմամբ։ Այն բաղկացած է հետևյալ բաղադրիչներից․
Smart սարքավորում
Դրանք այն սարքերն են, որոնք սենսորների, պրոցեսորների, ինտերնետ կապի և որոշակի տեխնոլոգիաների աջակցության շնորհիվ նոր գործառույթներ և հնարավորություններ են ձեռք բերել։ Գրեթե բոլոր խելացի սարքերն ունեն հետևյալ հատկությունները՝ կարող են հավաքել և վերլուծել տվյալներ ներկառուցված և արտաքին սենսորներից, միացված են ինտերնետին կամ այլ սարքերին Wi-Fi-ի, Bluetooth-ի միջոցով և կարող են փոխազդել այլ սարքերի հետ՝ փոխանակել տվյալներ և ստանալ հրամաններ կատարման համար։
IoT հավելվածներ
IoT հավելվածը միավորում է smart սարքավորումներից ստացված տվյալները: Նման հավելվածներն օգտագործում են արհեստական բանականության տեխնոլոգիաներ կամ մեքենայական ուսուցում՝ ստացված տվյալները վերլուծելու համար։
Որտե՞ղ և ինչպե՞ս է օգտագործվում IoT համակարգը
IoT համակարգը համարվում է հեղափոխական տեխնոլոգիա, որը կարող է արմատապես փոխել և բարելավել մեր կյանքի շատ ոլորտներ՝ ստեղծելով ավելի անվտանգ և հարմար միջավայր։
Գյուղատնտեսություն
IoT համակարգերը գյուղատնտեսության մեջ կարող են կատարել տեղումների մակարդակի, հողի պայմանների, քիմիական նյութերի ազդեցության մշտական մոնիտորինգ։ Հատուկ սենսորները կարող են արձանագրել հողում ջրի անկում և ինքնուրույն գործի դնել ոռոգման համակարգը։ Գյուղատնտեսության մեջ IoT համակարգը կարող է ապահովել արդյունավետություն, կանխել հնարավոր ռիսկերը և նվազեցնել ծախսերը։
Արդյունաբերություն
Արտադրական գործընթացներում ևս IoT համակարգերը լայն կիրառություն ունեն և կարող են ապահովել անվտանգություն և բարելավել որակի վերահսկման գործընթացը։ Ներկառուցվող սենսորների օգնությամբ հնարավոր է ավտոմատացնել և արագացնել արտադրական բարդ գործընթացները, կառավարել գույքագրման գործընթացը։
“Խելացի” քաղաք
Համակարգը կարող է կիրառվել ջերմաստիճանի, օդի խոնավության, շրջակա միջավայրի աղտոտման վերահսկման և բնական աղետների կանխատեսման համար՝ ինչպիսիք են երկրաշարժը կամ ջրհեղեղը։ Նմանօրինակ համակարգի ինտեգրման տարբերակ է նաև փողոցային լույսերի և տեսախցիկների աշխատանքի սինխրոնիզացիան, օրինակ՝ մարդկանց ներկայության ավտոմատ կերպով հայտնաբերումը և լուսավորության ապահովումը։
Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են և, չնայած բազմաթիվ մարտահրավերների, IoT համակարգը հավանաբար կզարգանա՝ իր հարթակը համատեղելով մեքենայական ուսուցման և արհեստական բանականության հետ։ Այն հնարավորություն կտա բարելավել մեր կյանքի շատ ոլորտներ՝ ապահովելով անվտանգություն։