JavaScript-ը համարվում է աշխարհի ամենահայտնի ծրագրավորման լեզուներից մեկը, որն օգտագործվում է վեբ ծրագրավորման տիրույթում։ Այն օգտագործվում է վեբ էջերի դինամիկ և ինտերակտիվ տարրերի ստեղծման համար։ Այս գրառման մեջ կխոսենք JavaScript-ի հիմնական գաղափարների մասին։
Ի՞նչ է JavaScript-ը
JavaScript-ը ծրագրավորման լեզու է, որը ստեղծվել է 1995 թվականին Netscape-ի կողմից։ Այն սկրիպտային լեզու է և աշխատում է բոլոր հայտնի բրաուզերներում, որոնց թվում են Google Chrome-ը, Mozilla Firefox-ը, Opera-ն և Safari-ն։
Ի սկզբանե վեբ կայքերը ստատիկ էին և նման էին գրքի էջի։ Դրանք ունեին ֆիքսված տեսք և չէին իրականացնում որևէ գործողություն։ JavaScript ծրագրավորման լեզուն ստեղծվել է վեբ կայքն ավելի դինամիկ դարձնելու համար։ Այն ապահովում է արդյունավետ փոխազդեցություն կայքի և օգտատիրոջ միջև։
Հետզհետե զարգանալով ստեղծվեցին նաև գրադարաններ, framework-եր, և JavaScript-ը սկսեց օգտագործվել վեբ բրաուզերից դուրս՝ նաև սերվերային ծրագրավորման և այլ նպատակների համար։
Որտե՞ղ է օգտագործվում JavaScript-ը
FrontEnd Ծրագրավորում
FrontEnd ծրագրավորման ոլորտում հիմնական օգտագործվող լեզուն հենց JavaScript-ն է։ Այն օգտագործվում է վեբ էջերի ինտերակտիվ տարրերի ստեղծման համար։ Օրինակ, JavaScript-ը թույլ է տալիս ստեղծել դինամիկ բովանդակություն (content), փոփոխել HTML տարրերը, ստեղծել անիմացիաներ և ապահովել արդյունավետ փոխազդեցություն օգտատերերի և կայքի միջև։
Սերվերային Ծրագրավորում
Շնորհիվ Node.js-ի JavaScript-ը կարող է օգտագործվել նաև սերվերային ծրագրավորման համար։ Node.js-ը բաց կոդով, բազմապլատֆորմային միջավայր է, որը թույլ է տալիս գործարկել JavaScript-ը սերվերային հատվածում։ Պլատֆորմն օգտագործվում է վեբ սերվերների, API-ների, սերվերային հավելվածների, React․js-ի և այլ ֆրոնտենդ framework-երի համար սերվերային ռենդերինգի (SSR) ստեղծման համար:
Մոբայլ Ծրագրավորում
JavaScript-ը լայնորեն օգտագործվում է նաև մոբայլ հավելվածների ստեղծման համար։ React Native-ը թույլ է տալիս ստեղծել մոբայլ հավելվածներ՝ օգտագործելով JavaScript ծրագրավորման լեզուն։ Այն հնարավորություն է տալիս ստեղծել հավելվածներ թե՛ IOS, թե՛ Android օպերացիոն համակարգերի համար։
Ինչո՞ւ սովորել JavaScript
- Ըստ W3Techs-ի JavaScript-ն օգտագործվում է ավելի քան 98% վեբ կայքերում։ Դինամիկ ֆունկցիոնալության համար գրեթե բոլոր վեբ կայքերն օգտվում են JavaScript-ից։
- Ըստ Stack Overflow Developer Survey 2023-ի, JavaScript-ը շարունակում է մնալ ծրագրավորողների շրջանում ամենատարածված լեզուներից մեկը։ Այն օգտագործվում է ավելի քան 63%-ի կողմից։
- Frontend ծրագրավորման համար JavaScript-ը հիմնական լեզուն է։ Ըստ State of JS 2023-ի JavaScript համայնքում ամենատարածված գործիքներն են React, Vue, և Angular գրադարաններն ու framework-երը։
Եզրափակիչ մտքեր
JavaScript-ը հզոր և բազմակողմանի լեզու է, որը լայնորեն օգտագործվում է վեբ ծրագրավորման համար։ Իսկ դու հնարավորություն ունես սովորել JavaScript ծրագրավորման լեզուն, ինչպես նաև լեզվի ամենահայտնի գրադարաններն ու framework-երը՝ մասնակցելով Վեբ ծրագրավորում 0-ից դասընթացին։