Ամենապահանջված մասնագիտությունների շարքում հաճախ կհանդիպեք այս երկուսին՝ գրաֆիկ դիզայներ և UI/UX դիզայներ։ Չնայած երկու դեպքում էլ գործ ունենք դիզայնի հետ, սական մասնագիտությունները խիստ տարբեր են։ Դրանց միջև ընտրություն կատարելուց առաջ առաջարկում ենք ծանոթանալ մասնագիտությունների առանձնահատկություններին, նմանություններին և տարբերություններին։

Ո՞վ է UI/UX դիզայները

UI/UX դիզայները ստեղծում է վեբ կայքերի և բջջային հավելվածների արտաքին տեսքը՝ ապահովելով օգտատերերի և ինտերֆեյսի միջև արդյունավետ փոխազդեցությունը։
UX-ը կամ User Experience-ը օգտագործողի փորձն է, այսինքն,  թե ինչպես են օգտատերերը փոխազդում ինտերֆեյսի հետ, և ինչքան հարմար է կայքը կամ բջջային հավելվածը նրանց համար։ UX դիզայների խնդիրն է ապահովել կայքի կամ բջջային հավելվածի ֆունկցիոնալությունը։ Հենց UX-ից է կախված, թե որքան արագ օգտվողը կգտնի այն, ինչ փնտրում է։

UI-ը կամ User Interface-ը օգտատիրոջ ինտերֆեյսն է։ Այլ կերպ ասած UI-ը կայքի դիզայնն է, որը ներառում է գունային համադրություններ, տառատեսակներ և կայքի բազային էլեմենտներ (կոճակներ, պատկերակներ և այլն)։ UI դիզայները ստեղծում է տեսականորեն գրավիչ, բայց միևնույն ժամանակ հարմար և հասկանալի վիզուալ։

Ո՞վ է գրաֆիկ դիզայները

Գրաֆիկ դիզայները ևս աշխատում է պատկերների, գույների, տառատեսակների և այլ գրաֆիկական տարրերի հետ, սակայն, ի տարբերություն UI/UX դիզայների, ով ստեղծում է կայքի և բջջային հավելվածների դիզայնը, գրաֆիկ դիզայները ստեղծում է այնպիսի գրաֆիկական պատկերներ, ինչպիսիք են

1․ ապրանքանիշերի համար լոգոներ,
2․ պաստառներ, թռուցիկներ,
3․ գրքերի և ամսագրերի ձևավորում,
4․ այցեքարտեր,
5․ ֆիրմային ոճեր,
6․ պրոդուկտների փաթեթավորում և ոչ միայն։

Վերջնական արդյունք

Գրաֆիկ դիզայներն ավելի շատ աշխատում է վերջնական արդյունքի համար: Օրինակ՝ ստեղծելով որևէ ընկերության համար ապրանքանշան, բրենդբուք կամ ֆիրմային ոճ՝ գրաֆիկ դիզայների աշխատանքը ստանում է իր վերջնական տեսքը։ Երբ փոփոխությունների կամ ռեբրենդինգի անհրաժեշտություն է առաջանում, դա արդեն կարող է համարվել նոր նախագիծ։

Ի տարբերություն գրաֆիկ դիզայների՝ վեբ դիզայները մշտապես աշխատում է դինամիկ միջավայրում: Ընտրացանկը, նավիգացիան, տեքստերի և պատկերակների ոճը, ինչպես նաև կայքի բովանդակությունը ժամանակ առ ժամանակ թարմացման կարիք ունեն։ Հետևաբար վեբ դիզայները, կատարելով անհրաժեշտ փոփոխությունները, հաճախ շարունակում է նաև կատարելագործել նախագիծը նույնիսկ այն ավարտելուց հետո:

Այսպիսի նմանություններ ունեն այս երկու մասնագիտությունները

1․ Երկու մասնագետներն էլ պետք է լավ տիրապետեն գրաֆիկայի և դիզայնի հիմնական սկզբունքներին՝ տիպոգրաֆիա, կոմպոզիցիա, գունային տեսություն։
2․ Երկուսն էլ պետք է կենտրոնանան հաճախորդի խնդրի ստեղծագործական լուծման վրա: Ի տարբերություն արվեստի, դիզայնը չի ստեղծվում մաքուր գեղագիտության համար։ Այստեղ միշտ առկա է գործնական խնդիր, որը պետք է լուծել։
3․ Գրաֆիկ դիզայները և վեբ դիզայները պետք է կարողանան հիմնավորել իրենց որոշումները հաճախորդին կամ իրենց թիմին, ուստի երկու մասնագետի համար էլ շատ կարևոր է ունենալ հաղորդակցման հմտություններ:
4․ Եվ այս երկու մասնագիտություններն էլ պահանջված են ու հեռանկարային։

Ընտրել վե՞բ, թե՞ գրաֆիկ դիզայն մասնագիտությունը

Եթե առավելապես հետաքրքրված եք ինտերֆեյսերի ստեղծմամբ, օգտատերերի ճանապարհորդության նախագծմամ՝ կարող եք ազատ ընտրել UI/UX դիզայների մասնագիտությունը։ Իսկ եթե Ձեզ հետաքրքրում է ստեղծել ապրանքանիշի ֆիրմային ոճեր, լոգոներ, ինչպես նաև նկարազարդումներ (illustration), ապա գրաֆիկ դիզայների մասնագիտությունը կլինի լավագույն ընտրությունը։

Այսպիսով խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել շրջապատող իրերին, պարզել թե, ի՞նչ հարցեր են առաջանում, երբ նայում եք, օրինակ՝ կայքին, հավելվածի էկրանին, սննդի փաթեթավորմանը կամ ընկերության պատկերանշանին (լոգո): Եթե ​​դրանք վերաբերում են պատկերներին, ապա կարող եք փորձել ձեր ուժերը գրաֆիկ դիզայնում: Եթե ​​հարցերն ավելի շատ կապված են արտադրանքի ֆունկցիոնալության հետ, ապա ավելի մոտ կլինի վեբ դիզայների մասնագիտությունը։

Այնուամենայնիվ մեկ ոլորտում նախնական մասնագիտացումը չի բացառում ժամանակի ընթացքում մյուսին անցումը: Այդ հարցում կօգնեն դիզյանի հիմնական գաղափարների և ծրագրերի իմացությունը, ինչպես նաև զարգացած փափուկ հմտությունները (soft skills):

Ծանոթացիր Տեխնո-կրթական ակադեմիայի դիզայնի դասընթացներին