React.js-ը ամենահայտնի գրադարաններից է, որն օգտագործվում է Frontend տիրույթում աշխատելու համար։ Այն հնարավորություն է տալիս ստեղծել վեբ կայքեր և հավելվածներ, որոնք կատարված գործողությունները ցուցադրում են էջին՝ առանց այն վերբեռնելու: Դրա շնորհիվ կայքերն արագ արձագանքում են օգտատերերի գործողություններին, հատկապես ձևաթղթերի (forms) լրացման, ֆիլտրերի կիրառման դեպքում։ Ստորև մանրամասն կներկայացնենք, թե ի՞նչ է React.js-ը և ինչպե՞ս է այն աշխատում։

Ի՞նչ է React․js-ը

React.js-ը Meta (Facebook) ընկերության կողմից ստեղծված JavaScript գրադարան է, որը ստեղծվել է ինտերֆեյսի, այսինքն՝ կայքերի և հավելվածների արտաքին մասն առավել հարմար մշակելու համար։ Գրադարանի կարևոր տարրերից են կոմպոնենտները։ Դրանք կոդի առանձին բաղադրիչներ են, որոնք հնարավոր է օգտագործել նախագծում՝ ցանկացած քանակությամբ։

React.js-ն ունի երեք հզոր առավելություն.

1․ JSX-ն ավելի հեշտ է կարդալ և հասկանալ, քան JavaScript-ը, ինչը նշանակում է, որ շատ ավելի քիչ ժամանակ է ծախսվում կոդի սպասարկման և սխալների հայտանաբերման վրա։
2․ Նրա շնորհիվ ստեղծվում է բաղադրիչների համակարգ (component system): Այս մոտեցումը հեշտացնում է կոդի պահպանման և նոր հնարավորությունների ավելացման գործընթացը, քանի որ յուրաքանչյուր բաղադրիչ ունի հստակ սահմանված առաջադրանք։
3․ Չնայած React․js-ը հիմնականում համարվում է վեբ հավելվածների համար նախատեսված գրադարան, այն ընդլայնվել է այնպես, որ շրջանակն աշխատում է և՛ iOS-ի, և՛ Android-ի բջջային հավելվածների մշակման համար: 

Որտե՞ղ է օգտագործվում React.js-ը և ի՞նչ հնարավորություններ ունի

React.js-ն օգտագործվում է վեբ կայքեր, desktop և բջջային հավելվածներ մշակելու համար։ Արագ, արդյունավետ և մասշտաբային նախագծեր ստեղծելու ունակության շնորհիվ է, որ այսօր այն օգտագործվում է հազարավոր կազմակերպությունների կողմից: Դրանցից մի քանիսն են՝

1․ Facebook
2․Instagram
3․Netflix
4․Reddit
5․Uber
6․Airbnb

Տարեցտարի կատարելագործվելով՝ React.js-ը դարձել է ավելի ապահով, և հենց դրա պատճառով էլ այն այժմ օգտագործվում է վեբ նախագծերի լայն շրջանակում՝ պարզ կայքերից մինչև բարդ desktop և բջջային հավելվածներ:

Lավագույն ոլորտները, որտեղ օգտագործվում է React.js-ը

Ըստ Stack Overflow-ի կատարած հետազոտության React.js-ն ամենահայտնի տեխնոլոգիաների և գրադարանների ցանկում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ Frontend տիրույթում նա գերազանցում է բոլոր մրցակիցներին։

React.js-ն օգտագործվում է՝
1․ Ցանկացած տեսակի ինտերակտիվ վեբ կայք մշակելու համար,
2․ Բարդ ծրագրային պրոդուկտներ ստեղծելու համար,
3․ Բջջային հավելվածներ մշակելիս՝ ադապտացիայի համար օգտագործելով այլ տեխնոլոգիաներ։

Եզրափակիչ մտքեր

React.js-ն ունի արդեն իսկ ձևավորված համայնք և հարուստ ռեսուրսներ՝ ներառյալ ուսուցանող նյութեր, դոկումենտացիա, որոնք կարող են օգնել արագ կողմնորոշվել և լուծել ցանկացած խնդիր, ստեղծելով բազմաթիվ հնարավորություններ տեխնոլոգիաների ոլորտում։ Սակայն պետք չէ մոռանալ, որ React.js-ը JavaScript գրադարան է, և այն սովորելու համար անհրաժեշտ է ունենալ գիտելիքներ HTML-ից, CSS-ից և JavaScript-ից։
Եթե ցանկանում ես ավելի խորը ուսումնասիրել այս հզոր գրադարանը և ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ, ապա միացի՛ր Վեբ ծրագրավորում 0-ից դասընթացին, որի ընթացքում 0-ից կսովորես ստեղծել ժամանակակից վեբ կայքեր և բջջային հավելվածներ, կծանոթանաս կոմպոնենտների համակարգին և կկարողանաս օգտագործել React․js-ի բոլոր առավելությունները աշխատանքում։