

Աշխատանք փնտրելու ընթացքում կարևոր է կարողանալ ճիշտ ներկայացնել ձեր մասնագիտական հմտություններն ու գիտելիքները․ ինքնակենսագրականի կազմումն այս փուլում ամենակարևոր փուլերից է։Այս հոդվածում կներկայացնենք ինչպես գրագետ կազմել ինքնակենսագրական և աչքի ընկնել այլ թեկնածուների մեջ։
Յուրաքանչյուր ինքնակենսագրական պետք է պարունակի անձնական տվյալներ: Դրանք են՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, բնակության վայր։ Անգամ եթե դիմում եք հեռավար աշխատանքի համար, կարևոր է նշել, թե որ ժամային գոտում եք գտնվում։
Եթե դիմում եք հստակ հաստիքի համար, ապա ինքնակենսագրականում նշում եք մասնագիտությունը նույնությամբ։ Տարբեր հաստքիների համար դիմելիս անհրաժեշտ է կազմել տարբեր ինքնակենսագրականներ՝ յուրաքանչյուրի մեջ նշելով համապասխան հմտություններ։
Ցանկալի է ինքնակենսագրականում ունենալ նկար։ Այն փաստաթուղթը դարձնում է առավել անձնավորված, սակայն այս դեպքում ևս նկարը անհրաժեշտ է ընտրել առավել ուշադիր։ Լավագույն տարբերակը՝ պորտրետային, նեյտրալ ֆոնով նկարն է, որտեղ պարզ երևում է Ձեր դեմքը։ Նույնիսկ կրեատիվ մասնագետների համար դա լավագույն տարբերակն է։
Աշխատանքային փորձը առաջինն է, ինչին ուշադրություն են դարձնում HR մասնագետները, ուստի նախկինում ունեցած աշխատանքային փորձը և պարտականություններն անհրաժեշտ է գրել հստակ և համակարգված։Պետք է թվարկել հերթականությամբ՝ սկսելով ներկա աշխատանքից և ներառելով կազմակերպության անվանումը, զբաղեցրած պաշտոնը, ժամանակահատվածը, ինչպես նաև հակիրճ ներկայացնել աշխատանքային պարտականությունները։
Եթե հաստիքը սկսնակների համար է նախատեսված, ապա առաջին հերթին ուշադրություն է դարձվում կրթությանը։ Նշեք հաստատության ամբողջական անվանումը (փակագծերում կարող եք նշել հապավումը), մասնագիտությունը, ֆակուլտետը և սովորելու տարեթիվը։ Եթե ունեք մի քանի կրթություն, ներկայացրեք դրանք ներկայից անցյալ։ Այս բաժնում գրում ենք նաև դասընթացների, վերապատրաստումների մասին, եթե դա կապված է նախընտրելի հաստիքի հետ։
Անգամ մեկ օտար լեզվի իմացությունը հաճախ բարձրացնում է ընտրված լինելու հավանականությունը, ուստի կարևոր է նշել այդ տեղեկությունը ևս։ Լեզուների իմացությունը նշում ենք ըստ օտար լեզվի իմացությունը գնահատող ընդհանուր եվրոպական սանդղակի ՝ CEFR-ի (A1-C2):